«ՄԻՆՉԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԹԱՑ ԷԻՆՔ ՈՒ ՄԻՆՉԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ»
Ռեժիսոր, դերասանուհի ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆԸ հավատում է հեքիաթներին: Ինքն էլ հեքիաթների հեղինակ է, որոնց հիման վրա ամանորյան ներկայացումներ են բեմադրվում: Պետք է հավատալ Ամանորի հրաշքին. այս տարի նրա` Խամաճիկների թատրոնում ներկայացվող «Ամանորի հարսանիք» հեքիաթն այս իմաստն ունի:
Մեր հարցերին դերասանուհին պատասխանեց համացանցի միջոցով:
-Հաջողվո՞ւմ է տանը նշել Նոր տարին:
-Ամեն տարի տարբեր կերպ եմ նշում, օրինակ, անցյալ տարի հումորային ծրագրով Ծաղկաձորում էի, Ձյունանուշիկ էի: Բայց միշտ էլ, եթե հնարավորություն կա, աշխատում եմ տանը նստել:
-Սովորություն ունե՞ք առավոտյան բարձի տակ նայելու, թե ինչ է բերել Ձմեռ պապը:
-Ձմեռ պապը միշտ ժամանակից շուտ է այցելում ինձ, և քանի որ ես դեռ մանկուց ամեն տարի Ձյունանուշիկ էի և տեսնում էի` ինչպես են իմ կոլեգաներն անտարբեր հագնում Ձմեռ պապի զգեստը և կպցնում մորուքը, արդեն չեմ կարողանում հավատալ Ձմեռ պապիկին: Փոխարենը հավատում և աղոթում եմ Աստծուն և նրանից խնդրում նվերներ:
-Ավանդական դռան թակոցները և հազար տարվա ծանոթները, որոնց տեսնում եք միայն Նոր տարվա օրերին, չե՞ն նյարդայնացնում:
-Չէ, չեն նյարդայնացնում, որովհետև հաճելի է հազար տարվա ծանոթներին տեսնել գոնե Նոր տարուն:
-Տոլման պարտադի՞ր է: Նոր բաղադրատոմս ունե՞ք, որ շատերին գուցե ծանոթ չէ:
-Տոլման պարտադիր է, որովհետև ամենահամեղը ես դա եմ պատրաստում, իսկ նոր բաղադրատոմսը` անանասով, շվեյցարական պանրով ստեյքն է, շատ համեղ է, փորձեք:
-Արդեն գիտե՞ք ինչ երազանք եք մտապահելու Ամանորի գիշերը: Գուցե ասեք ու ավելի շո՞ւտ իրականանա:
-Երազանքներ շատ ունեմ, բայց այս տարի երևի տուն կխնդրեմ Աստծուց, և դա ասում եմ, որ եթե լինի, հավատաք, որ Աստված արեց:
-Ամենասիրած Նոր տարին, որ միշտ հիշում եք:
-12 տարեկան էի: Ամանորի գիշերը ես, մայրիկս և եղբայրս ձնագնդի էինք խաղում: Մութ ու ցուրտ տարիներն էին, գուցե սեղանն այդքան էլ ճոխ չէր, բայց մենք մինչև ականջները թաց էինք ու մինչև ականջները երջանիկ:
-Իսկ երբ հետ եք նայում, կա՞ մի բան, որ կուզեիք, այնուամենայնիվ, ջնջել:
-Ջնջելու բան միշտ էլ կա:
-Լիլի Էլբակյանն ի՞նչ ծրագրեր ունի գալիք տարում:
-Երկու նոր ներկայացում, որից մեկի պիեսը ես եմ գրել, և խաղալու ենք ես ու ամուսինս:
«ՄԻ ԹԹՎԵՔ ԵՐԵԿՎԱ ՎՐԱ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՓԵՇԵՐԸ ՄԻ ՔԱՇՔՇԵՔ»
Ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, Ամերիկայում բնակվող ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` հանրահայտ ՍԷՎԸ, ամանորյան հետաքրքիր պատմություններ մեզ չպատմեց:
-Պատմությունները շատ են, բայց շատ երկար են... մի քսան տարուց, երևի, հուշերիս գիրքը լույս տեսնի` կկարդաք,- ասաց նա:
-Արդեն քանի՞ Նոր տարի եք դրսում դիմավորում:
-Նոր դարն էլ հաշված` 12։
-Ձեզ մոտ ինչպե՞ս են դիմավորում Ամանորը:
-Շատ բուռն են դիմավորում` սեպտեմբերից սկսած, իսկ մանդարինի տեսակետից` կլոր տարին: Միայն լիմոնադի հարցն է բարդ, դեֆիցիտ է...
-Խոսքը մեր հայրենակիցների՞ մասին է:
-Ես Գլենդելում չեմ ապրում, դրա համար չգիտեմ, թե հայերը ոնց են դիմավորում. մեզ մոտ` Հոլիվուդում, այդպես է:
-Պատահե՞լ է` քնած ձևանաք, որ մայրիկն ու հայրիկը, բարձի տակ նվերներ դնելիս, չիմանան, որ գիտեք, թե ով է իրական Ձմեռ պապը:
-Քնած եմ ձևանում, թեկուզ 27 տարեկանից անքնություն ունեմ:
-Հիմա հավատո՞ւմ եք, թե՞ չեք հավատում Ձմեռ պապին:
-Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ չհավատալ։
-Հումո՞ր էր, թե՞ փիլիսոփայություն:
- Սոկրատն ասում էր` փիլիսոփայության վերջը հեգնանքն է, իսկ եթե հումորի մեջ հեգնանք չկա, ձեռառնոցի է դառնում, կամ եթե փիլիսոփայության մեջ հումոր չկա, դառնում է պատուհաս:
-Արթո՞ւն, թե՞ քնած ժամանակ են ավելի շատ իրականանում երազանքները: Առհասարակ, պատահե՞լ է, որ ամանորյան երազանքներն իրականան:
-Թարսի պես իրականանում են, էդ պատճառով երազելիս շատ զգույշ պետք է լինել:
-Նվեր, որ այդպես էլ չեք ստացել:
-Չստացածս նվերների համար շատ գոհ եմ, ավելորդ գլխացավանքից եմ ազատվել:
-Ի՞նչ եք մաղթում աշխարհին:
-Աշխարհն այնքան անդեմ բան է, որ ոչ մի բան չի լինում ցանկանալ, դեմք ձեռք բերել վատ չի լինի:
-Իսկ Հայաստանի՞ն:
-Հայաստանին մաղթում եմ հումորի զգացումի վերաձեռքբերում... Մի բան ևս. մի թթվեք երեկվա վրա ու ապագայի փեշերը քիչ քաշքշեք:
«ԵՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀԱՊԱՂՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՉԻՐԱԿԱՆԱՆԱՆ, ՈՒ ԱՅԴ ՀԱՊԱՂՈՒՄԸ ԵՎՍ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԱԶԱՆՔ»
Արձակագիր ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆՆ ինչ-որ ժամանակ նաև իրավաբան-գրող էր: Այս տարի նրան ճանաչում են նաև որպես լրագրող-գրողի: Եկող տարի երիտասարդ գրողն ուզում է ճնճղուկների մասին գիտական թեզ գրել, ուսումնասիրել նրանց կյանքն ու դառնալ ճնճղուկագետ, որովհետև շատ-շատ է սիրում ճնճղուկներին:
-Իսկ նրանք իմ աչքին գնալով պակասում են,- ասաց նա:
-Արամ, Նոր տարին ի՞նչ խորհուրդ ունի քեզ համար:
-Նոր տարին հրաշքի խորհուրդ ունի, հրաշքի, որին սպասում ես մանկան երևակայությամբ, բայց սպասում ես նրան` ինչն անհայտ է, սպասում ես առեղծվածին, որ պիտի գա ու փոխի քո կյանքը: Իմ կարծիքով` Նոր տարվա սպասումն ավելի շատ հոգևոր, քրիստոնեական ընդգծվածություն ունի, ինձ համար այն կապված է հայտնության հետ:
-Սայաթ-Նովան ասում է` երեկ լավ էր, քանց վուր էսօր…
-Երեկը, էսօրն ու վաղը ՄԵԿՆ են` նույնը: ՈՒրեմն այս պահը ավելի լիքն էր, քան նախորդը:
-Ձմռան մասին հեքիաթ ունե՞ս գրած:
-Գրել եմ պատմվածք` «Տոնածառը», որտեղ կա ձյունը: Այդ պատմվածքն էլ թող լինի իմ հեքիաթը ձյան միջով:
-Նոր տարի: Երազանքներ: Իրականացածնե՞րն են շատ, թե՞ չիրականացածները:
-Ես վախենում եմ իմ երազանքների իրականացումից, դրանք ընդհատում են ճանապարհը, որով գնում եմ դեպի նրանց: Ինձ միշտ թվում է` ես միտումնավոր հապաղում եմ, որ երազանքներս չիրականանան, ու էդ հապաղումը ևս դառնում է երազանք:
-Մեր վերջին զրույցի ժամանակ ասում էիր` գնալու եմ, ասում էիր` մեզ մոտ գրողն ու գիրքը չեն կարող «բում» առաջացնել: Հակառակը եղավ:
-Ես գնացել եմ, էստեղ չեմ, պահ կա, որ մարմինս չեմ զգում ու չգիտեմ` անմարմնության զգացողությունը գուցե ազատություն է տալիս ինձ, ապրելու ազատություն: Ես շատ էի ուզում որ իմ գիրքը հավատարիմ ընկերակից լինի, ուղղակի պարզ ու ազնիվ ընկերակից: Եթե էդպես լինի, ուրեմն մի բան հաջողվել է: Իսկ «բում» մեզանում միայն մասսայական արվեստում է սպասելի: Գրականությունը նյարդայնացնելու կարողություն ունի, բայց այսօր բոլորը շոու են ուզում:
-Ի՞նչ ես ուզում լինի էս տարի:
-ՈՒզում եմ իմ ազգը չտառապի:
-Ի՞նչ չես ուզում, որ լինի:
-Չեմ ուզում վախենալ, չե՛մ ուզում:
«ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ ՊԻՏԻ ՀԱՎԱՏԱՆՔ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆՆԵՐԸ` Փարիզից։
-Նոր տարին հիմա շատերը գերադասում են անցկացնել ոչ թե տանը, այլ այս կամ այն ակումբում, ռեստորանում: Ձեր դեպքում «տունը» նաև այլ խորհուրդ է ստանում: Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում եք դիմավորելու 2012-ը:
-Ամենայն հավանականությամբ՝ Փարիզում, բայց տանը, թե այլուր, դեռ չենք որոշել, վերջին պահին կարող է հաճելի մի անակնկալ լինել:
-Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը Ֆրանսիայում:
-Ինչպես Հայաստանում՝ ուտել-խմելով, պարզապես ուտելիքներն ու խմիչքներն են տարբերվում. կան պարտադիր բաներ, որոնք անպայման պիտի սեղանին լինեն, օրինակ՝ շամպայնը և հռչակավոր, հրաշալի՜, չափազա՜նց համեղ սագի պաշտետը կամ, ինչպես ֆրանսիացիք են ասում՝ foie gras-ը:
-Մեր հայրենակիցներն այնտե՞ղ էլ են պահպանում Ամանորի ավանդական ձևը:
-Հիմնականում՝ այո, բարեխառնելով ֆրանսիական խոհանոցի և սովորույթների հետ:
-Արդեն զարդարե՞լ եք ձեր տոնածառը:
-Տոնածառ վաղուց չենք զարդարում, գուցե այն պատճառով, որ տանը երեխա չկա:
-Ամեն մարդ ունի Նոր տարվա իր «հեքիաթը», ի՞նչ է պետք այն չկորցնելու համար։
-Հավանաբար, չենք կորցրել, որովհետև մենք էլ մյուսների պես մեր սպասումներն ունենք Նոր տարուց:
-Վերջին անգամ ե՞րբ եք հավատացել Ձմեռ պապի գոյությանը:
-Ձմեռ պապի գոյությանը պիտի հավատանք ամբողջ կյանքում, քանի որ նա հույսի, բարության, նորի մարմնավորումն է:
-Փոքրիկները երբեմն թույլ են տալիս բարձի տակ նվերներ դնել ու ձևացնում են, թե հավատում են Նոր տարվա հեքիաթին, որ չվշտացնեն ծնողներին:
-Այսօրվա երեխաները մեզնից ավելի իրապաշտ են, ավելի ճիշտ՝ առարկայապաշտ: Իսկ իսկական երեխաները գուցե մենք ենք, և դա լավ է, չէ՞ որ բոլորս, մինչև հիմա, հրաշքի սպասումներ ունենք:
-«Անհետացումը» այս տարի շարունակվելո՞ւ է: Նոր անակնկալ չունե՞ք 2012-ի համար (Անահիտ Թոփչյանին)։
-Անհետացումը, ցավոք, շարունակվում է մեր կյանքում, իմ վեպը հենց այդ մասին էր: Նոր գործ ունեմ, մի նոր վեպ, որը կտպագրեմ 2012-ին, հուսանք, որ իսկապես անակնկալ կլինի:
-Ինչպես եք վերաբերվում Անահիտ Թոփչյանի «անհետացմանը»… Ձեզ համար դա նո՞ւյնպես նկատելի է (Ալեքսանդր Թոփչյանին)։
-Անահիտին «անհետացնելն» անկարելի է, մինչև հասցնեն նրա նախկին, բազմաթի՛վ «հետքերը» ջնջել, նա նորերը կստեղծի: Նրա ստեղծագործական եռանդն ու երևակայությունն անսպառ են: Եվ հետո, տաղանդավոր արվեստագետի «հետքերը» դրոշմվում են մարդկանց հոգիներում՝ վերջնական ու անջնջելի:
-Հետաքրքիր դեպք` կապված Ամանորի հետ: Կամ` ամենահետաքրքիր Նոր տարին:
ԱԼ. ԹՈՓՉՅԱՆ- Պատերազմից հետո էր, մենք ապրում էինք Մաշտոցի պողոտայում, Նաիրի Զարյանը եկավ մեր տուն, հորս և ուրիշ հյուրերի հետ լավ քեֆ արեցին, և մինչև հիմա ականջներումս է «Մոկաց Միրզայի» նրա հրաշալի կատարումը։
Ա. ԹՈՓՉՅԱՆ - 2005-ի Նոր տարուն ամենահրաշալի «նվերն» ստացա՝ թոռնիկիս՝ Դուդուին, Էդուարդին:
-Եթե հավատանք հորոսկոպներին…
ԱԼ. ԹՈՓՉՅԱՆ- Հորոսկոպներ գրեթե չեմ կարդում, ես աշխատում եմ իմ կյանքն ապրել, իմ ստուգված սկզբունքներով:
Ա. ԹՈՓՉՅԱՆ- Ես հավատում եմ միայն լուրջ հորոսկոպներին, իսկական, աստղագիտական հորոսկոպներին, սակայն դա կույր հավատ չէ: Ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն երբ համեմատում ես որոշ անցած-կատարված իրողություններ` ապշեցուցիչ զուգահեռներ կան: Դա իրոք բարձր գիտություն է, որին մեր ժամանակակիցները գրեթե անտեղյակ են:
-Մեր հայրենակիցները տոների նախօրյակին միշտ հայտարարում են, որ այս տարի Նոր տարին չեն «անելու», բայց մեկ է, սեղանները միշտ առատ են, ինչպես բոլոր տարիներին: Սա խոսում է հայի վա՞տ, թե՞ լավ նկարագրի մասին:
ԱԼ. ԹՈՓՉՅԱՆ- Դա լավ, շատ լավ նկարագիր է, և թող ոչ միայն Նոր տարվա, այլև ամեն օրվա սեղաններն առատ լինեն Հայաստանում, գները լինեն ցածր, աշխատավարձն էլ՝ բարձր:
Ա. ԹՈՓՉՅԱՆ- Հիմա առատ սեղաններն այնքան էլ զարմանալի չեն, քանզի խանութները լեփ-լեցուն են: Հիշեցի մի դեպք, երբ մեր խանութները դատարկ էին, իսկ հայաստանցիների սեղանները հյուրերի առջև ինչպես միշտ՝ լիքը: Դա, անշուշտ, վկայում է մեր հայկական հյուրասիրության մասին: Սակայն մեր սփյուռքահայ հյուրը յուրովի արձագանքեց սրան. «Հիմա կհասկընամ, թե ինչու ձեր խանութները դատարկ են»: Արժե՞ր արդյոք նրան բացատրել իրողությունը, «կհասկընա՞ր» արդյոք։
-Ձեր մաղթանքը հայերին և աշխարհին:
-Ամեն մեկի բարի ցանկությունները թող կատարվեն, իսկ աշխարհում էլ այս խառնակությունները վերջանան:
-Իսկ գրողների՞ն:
ԱԼ. ԹՈՓՉՅԱՆ- Չեմ ասում՝ իրար սիրեն, դա երևի անկարելի է, բայց գոնե իրար հանդուրժեն և մի քիչ ավելի համեստ լինեն:
Ա. ԹՈՓՉՅԱՆ- Ընթերցող եմ ցանկանում, բազմահազար ընթերցողներ:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ